Ընթերցողի սեղանին է դրամատուրգ, արձակագիր, դերասանուհի ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակը: Հանրահայտ մտավորականի 80-ամյակին և նորընծա գրքերին նվիրված տոնահանդեսը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Առողջական խնդիրների պատճառով հոբելյարը ներկա չէր միջոցառմանը: Նրա ուղերձը հանրությանը փոխանցեց ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը. «Դյուրին չէր հանձն առնել ու կյանքի կոչել յոթ հատոր վկայագիրքը, յուրաքանչյուր հատորը` 600-700 էջ, այն էլ մեր օրերի մշակութային երբեմն ծանր խաթարումների միջավայրում: Հրատարակչական այժմյան պայմաններում սա աննախադեպ մի գործ է, որ կատարել է «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի նախագահ Սվետլանա Հակոբյանը` պատասխանատվության բարձր գիտակցումով»:
«Բոլոր ժամանակների Հայաստանը» ներկայացնում է Երկիր Նաիրին, Հայքը, Հայաստանը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը: ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ բազմահատորյակը տեղ է գտել հանրապետության դպրոցների գրադարաններում` որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ: Նաև փորձել են վերսկսել խորհրդային տարիներին ընդունված բաժանորդագրության համակարգը: «Բոլոր ժամանակների Հայաստանը» մոտ 600 բաժանորդ ունի: Ներկայումս այն թարգմանվում է ռուսերեն, որին կհաջորդեն անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունները:
Աննա Պետրոսյանը շուրջ 25 գրքի հեղինակ է («Արևը քայլում է ինձ հետ», «Եկա, որ մնամ...», «Կումարի Մեծ տիկնոջ պատմությունները», «Տիրամոր ճիչը», «Սերն աշխարհեն խռովել, կերթա», «Մոզ քաղաքի կործանումը», «Եղերապատում»): Հեղինակել է 16 դրամատիկական պիես, որոնք բեմադրվել են թատրոններում, հեռուստատեսությամբ, ռադիոյով: Եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի: Լենինականում 1985-ին հիմնադրել է գեղագիտական խնդիրներով նախօրինակը չունեցող «Առասպելի դպրաթատրոնը»: Իր իսկ խոսքով. «Մեծ փորձությունների ու ջանքերի գնով, մարդկանց տարակուսանքն անընդհատ հաղթահարելով, Լենինական քաղաքում կարողացա բացել «Առասպելի դպրաթատրոն»: Ինչո՞ւ այստեղ: Իմ ծննդավայրն է»: 1985-ի մայիսի 9-ին «Մենուա» բեմադրությամբ հին թատրոնի շենքում բացվեց «Առասպելի դպրաթատրոն»: Թատրոնին կից դպրոցում թատերական արվեստին առնչվող դերասանի վարպետություն, խոսքի արվեստ առարկաներից բացի, նա դասավանդել է «Հայ ժողովրդի պատմություն», «Համեմատական առասպելաբանություն», «Հայոց լեզու և բանաստեղծություն», «Հին ու նոր հայ և արտասահմանյան մշակույթ» առարկաները:
Ավերիչ երկրաշարժից հետո, ինչպես նշվում է «Աննա Պետրոսյան. Ճակատագրին ընդառաջ» տեսաֆիլմում, նա չի հեռացել Գյումրիից. «Հավաքում էր ողջ մնացած սաներին: Գալիս էին նաև նորերը: Բոլորն էլ ձգտում էին դուրս գալ աղետի մղձավանջից...»:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեց հոբելյարին նվիրված տեսաֆիլմը, ընթերցվեցին հատվածներ «Բոլոր ժամանակների Հայաստանը» գրքից, ներկայացվեցին երաժշտական համարներ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ